21 մայիսի 2011 - 11:55 AMT
Հաստատվել է ՀԱՄՀ 2010թ. գործունեության ֆինանսական հաշվետվությունը

Մայիսի 21-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես ասվում է ՀՀ կառավարության մամլո հաղորդագրության մեջ, նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո խորհրդի անդամներն անցել են օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի համատեքստում, մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել զբոսաշրջության, Տաթևի վերածնունդի և առողջապահության ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Միջազգային տնտեսական զարգացման միտումների շուրջ մտքերի փոխանակումից հետո խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2010թ. գործունեության ֆինանսական, ինչպես նաև աուդիտորական հաշվետվությունները: Արծարծվել է նաև կազմակերպության 2011թ. բյուջեի և ծախսերի հարաբերակցության հարցը:

Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, քննարկվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ռազմավարությանն առնչվող խնդիրներ, արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր: