24 մայիսի 2011 - 14:58 AMT
Վիրահայերը չեզոք դիրքորոշում ունեն և չեն շտապում սատարել ընդդիմությանը

Վրաստանում ընթացող վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա հայ համայնքը չեզոք դիրք է գրավել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը: Թորոսյանը նշել է, որ Վրաստանի հայ համայնքը նա դիտարկում է Ջավախքից զատ:

«Վրաստանի հայ համայնքը բավականին իներտ է, քանի որ ընդդիմությունը չի խոստանում լուծել նրանց խնդիրները, մասնավորապես, լուծել հայ եկեղեցու կարգավիճակի, վրաց հանրությանը հայերի ինտեգրման հարցերը: Այդ պայմաններում Վրաստանի հայերի չեզոք դիրքորոշումն արդարացված է: Ջավախահայերը ևս չեզոք են, քանի որ հետխորհրդային շրջանում ոչ մի ընդդիմադիր ուժ չի զբաղվել ջավախահայերի հարցերով իշխանության գալուց հետո»,-ասել է Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, Վրաստանի հայ բնակչության համար միևնույն է, թե որ ուժերն իշխանության կգան, եթե այդ ուժերը մտադիր են լուծել նրանց խնդիրները:

Թորոսյանը հայտնել է նաև, որ չնայած ճանապարհաշինությանն ու տարածաշրջանի գազաֆիկացմանը, Ջավախքի հիմնական խնդիրներից մեկն է մնում գործազրկությունը և հայոց լեզվի հարցը: Բացի այդ, տեղական իշխանությունները մշտապես վերահսկում են հայ ակտիվիստների գործողությունները, զանգվածային ձերբակալություններ կատարում երիտասարդների շրջանում: