24 մայիսի 2011 - 18:19 AMT
Հայաստանի Օմբուդսմենը մտադիր է ավելի ուշադիր հետևել քաղաքական և ընտրական գործընթացներին

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մտադիր է ավելի ուշադիր հետևել քաղաքական և ընտրական գործընթացներին երկրում: Այդ մասին մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է «Հարյուր հարց և հարյուր պատասխան» քննարկումների ժամանակ, որը կազմակերպել էր Civilitas-ը: Նրա խոսքով` բարեփոխված Ընտրական օրենսգրքի համաձայն, որն ընդունվել է մայիսի 24-ին ՀՀ ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ, կոնկրետացվել են Օմբուդսմենի ինստիտուտի իրավունքներն ու լիազորությունները: Այս համատեքստում Անդրեասյանը նկատել է, որ եթե նախկինում երկրի նախագահը կարող էր ԿԸՀ-ում չընդգրկել ՀՀ Օմբուդսմենի կողմից ներկայացված որևէ թեկնածուի, ապա այժմ Օմբուդսմենի կողմից առաջարկված բոլոր թեկնածուներն ընդգրկվելու են ԿԸՀ կազմում: Նա ընդգծել է նաև, որ հետևելու է երկրի քաղաքացիների ընտրական իրավունքների իրականացմանը:

Հայաստանում հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան համապատասխանաբար 2012 և 2013 թվականներին: