25 մայիսի 2011 - 15:10 AMT
Արամ Մանուկյան. Համաներումը չի վերաբերվի ՀՀՇ նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանին

Համաներումը չի վերաբերվի ՀՀՇ նախկին առաջնորդ և ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, համաներումը վերաբերում է ՔՕ կոնկրետ հոդվածներով դատապարտվածներին, իսկ Սիրադեղյանի գործով դատական որոշում չի կայացվել: Նա հայտարարել է, որ ՀՀՇ-ն կշարունակի պայքարը Վանո Սիրադեղյանին արդարացնելու և Հայաստան վերադարձնելու համար:

Մանուկյանը նաև հերքել է որոշ գործիչների այն հայտարարությունները, թե համաներման միջոցով ազատ արձակվել նշանակում է մեղավոր ճանաչվել մարտի 1-ի իրադարձությունների համար: Նա հորդորել է չշփոթել համաներումը ներման հետ՝ ասելով, թե համաներումը իշխանությունների որոշումն է և վերաբերում է ՀՀ ՔՕ կոնկրետ հոդվածներին, մարտի 1-ի գործով դատապարտվածներին ոչ ոք չի խնդրել ներում շնորհել իրեն:

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր և ՀՀՇ նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանը 2000թ. զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա դեմ քրեական գործ հարուցվեց մի շարք հանցագործությունների, այդ թվում հանցավոր խումբ ստեղծելու և պատվերով սպանությունների կազմակերպման համար: Այն ժամանակ էլ Սիրադեղյանն անհետացավ Հայաստանից և նրա հանդեպ միջազգային հետախուզում հայտարարվեց «Ինտերպոլի» միջոցով: