Հայերն ու կիպրոսյան հույները ԵԱՀԿ-ում հակաթուրքական ալյանս են ստեղծել և պատրաստվում են վետո կիրառել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին թուրքական դիվանագետ Էրսին Էրչինի թեկնածության դեմ: Այդ մասին գրում է թուրքական Sabah թերթը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի խոսքով` երկրներն իրենց տեսակետն են արտահայտում, իսկ վերջում համաձայնության են գալիս: «Թուրքիան իր թեկնածուին է առաջադրել: Կան ևս 3 թեկնածուներ: Քննարկումները շարունակվում են: Մենք հետևելու ենք զարգացումներին և կընդունենք մեր որոշումը»,- ասել է Դավութօղլուն:
Հայերի և կիպրոսյան հույների ալյանսն ամրապնդում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ավստրիական թեկնածու Ուրսուլա Պլասնիկի դիրքերը:
«56 անդամներից բաղկացած կազմակերպությունում Թուրքիային ամենից շատ օժանդակում է Ռուսաստանը: Բացի դրանից, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն նույնպես խոստացել է աջակցել Թուրքիային և սատարել թուրքական դիվանագետի թեկնածությունը», գրում է Sabah-ը: