Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին եղան Գորիսի վերակառուցված բժշկական կենտրոնում, ծանոթացան պայմաններին և հնարավորություններին:
Ինչպես ասվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ, կենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում, հագեցվել բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Տարեսկզբից հաստատությունն արդեն որակյալ բուժծառայություններ է մատուցում քաղաքի և տարածաշրջանի բնակչությանը: Հյուրերին տեղեկացվեց, որ նախկինի համեմատ էապես կրճատվել է մայրաքաղաքի հիվանդանոցներ դիմողների թիվը, ինչը դժվարություններ էր ստեղծում հեռավոր մարզի բնակիչների համար: Բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2.9 մլն դոլար:
Հյուրերն այցելեցին նաև Գորիսի պետական համալսարան, հանդիպեցին դասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախկինում Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը 2006 թվականից արդեն գործում է որպես առանձին համալսարան: Պատվիրակությանը ներկայացվեց համալսարանի պատմությունը, զարգացման հեռանկարները: Նշվեց, որ նախկին 2-3 մասնագիտությունների փոխարեն ներկայումս բուհն ունի 11 մասնագիտություն և շուրջ 2000 ուսանող:
Այցի ավարտին ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը եղան Տաթևում: Տեղում ներկայացվեցին «Տաթևի վերածնունդ» ծրագրի հեռանկարները, նշվեց, որ ծրագրի իրականացումը բնակչության համար երկարատև զարգացման հնարավորություններ է ստեղծելու` ներգրավելով ներդրումներ, ստեղծելով նոր աշխատատեղեր։ Նրանք ծանոթացան նաև Հալիձորից Սատանի կամուրջ տանող ճանապարհի վիճակին, որը վերակառուցվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: