31 մայիսի 2011 - 19:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մի քանի րոպե անց Երևանում կսկսվի հայկական ընդդիմության հանրահավաքը

Մի քանի րոպե անց Երևանի Ազատության հրապարակում կսկսվի ընդդիմության հանրահավաքը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ներկա պահին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կայանալիք հանրահավաքի վայրում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, մարդիկ շարունակում են մոտենալ հրապարակին: Հանրահավաքը կսկսվի ժամը 19:00-ին:

Ինչպես PanARMENIAN.Net-ն ավելի վաղ էր հաղորդել, Երևանի Ազատության հրապարակը պատրաստ է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացմանը, որը սկսվելու է այսօր ժամը 19:00-ին: Արդեն ապամոնտաժվել են ժամանակավոր բեմն ու ամֆիթատրոնը, որոնք տեղադրվել էին մայիսի 28-ին «Գոհար» համույթի համերգի համար` նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության օրվան: Այսօրվա հանրահավաքը հատկանշական է լինելու նրանով, որ դրան 2008-ից ի վեր առաջին անգամ մասնակցելու են համաներմամբ ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հայկական ընդդիմության նախորդ հանրահավաքը կայացավ ապրիլի 28-ին: 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո 3 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն արմատական ընդդիմությանը թույլ տվեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ընդհանուր առմամբ հանրահավաքին 6 հազար մարդ էր մասնակցում` ավելի քիչ, քան ընդդիմության նախորդ հանրահավաքներին: Հանրահավաքից հետո Երևանի կենտրոնական փողոցներով ընթացած երթից հետո ցուցարարները վերադարձան Ազատության Հրապարակ և պահանջեցին բողոքի ակցիան շարունակել նստացույցով: Սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին հաջողվեց մարդկանց համոզել վերադառնալ տուն` կոչ անելով կրկին հավաքվել մայիսի 31-ին: Շատերը լքելով հրապարակը` ի լուր ամենքի հայտարարեցին, որ այլևս չեն գալու ընդդիմության հանրահավաքներին:

Միաժամանակ սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի մասնակցության պատճառով հանրահավաքը բազմամարդ է լինելու, չնայած նրան, որ ընդդիմության կողմնակիցների հաղորդագրությունների համաձայն մարզերից Երևան տանող ճանապարհները փակ են, թեև ճանապարհային ոստիկանությունը պնդում է հակառակը:

ՖՈՏՈՇԱՐՔ