31 մայիսի 2011 - 20:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Զուրաբյան. Իշխանությունների հետ երկխոսությունը թավշե հեղափոխության մարտավարության արդյունքն է

Իշխանությունների հետ երկխոսությունը հնարավոր չէր, քանի դեռ «մեր ընկերները նրանց պատանդներն էին»: Այդ մասին, ելույթ ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, իշխանությունները ցանկանում էին քաղբանտարկյալների միջոցով հասնել նրան, որ ՀԱԿ-ը հրաժարվեր իր պահանջներից: «Մենք երբեք սակարկության առարկա չենք դարձնի մեր ազատությունն ու ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորությունը»,- ասել է Զուրաբյանը:

Նա նշել է, որ այժմ իրենց թիմը լիարժեք է և պատրաստ է պայքարել երկրում սահմանադրական կարգերի հաստատման համար:

Զուրաբյանը հիշեցրել է, որ բանտարկության մեջ են մնում դեռևս ՀԱԿ-ի երկու կողմնակիցներ` Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանը: Սակայն ՀԱԿ-ի համակարգողը նշել է, որ իշխանությունները խոստացել են, որ վերջիններս ազատ կարձակվեն հունիսին:

Նրա խոսքով, քաղբանտարկյալների ազատ արձակումն ու իշխանությունների հետ երկխոսությունը նշանակում է թավշե հեղափոխության մարտավարության արդյունավետություն:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր հերթին հայտնել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իրադրությունը երկրում փոխվել է. «Դա հնարավոր դարձավ ժողովրդի և ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ»,- ասել է Սարգսյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ