5 հունիսի 2011 - 16:18 AMT
Ադրբեջանն ու Թուրքիան հակատանկային կառավարվող հրթիռներ կարտադրեն

Ադրբեջանը կարող է մասնակցել թուրքական ROKETSAN հակատանկային կառավարվող հրթիռների արտադրության նախագծին: Ինչպես հաղորդել է ROKETSAN-ի գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսաքը, այդ հրթիռների հանդեպ արդեն հետաքրքրություն են հայտնել մի շարք երկրների զինվորական շրջանակներ: Ադրբեջանն իր հերթին հայտնել է դրանց համատեղ արտադրության հարցում իր շահագրգռվածության մասին:

«Դրանցից մեկը, որի շուրջ մենք աշխատում ենք, UMTAS հեռահար հակատանկային հրթիռային համակարգն է: UMTAS-ը կարող է օգտագործվել ուղղաթիռից՝ երկրի վրա գտնվող ցանկացած թիրախի, այդ թվում՝ տանկի խոցման համար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ UMTAS-ի թեստավորումը կավարտվի 2012 թվականին, այդ ժամանակ էլ ծրագրվում է ապրանքի շարքային արտադրությունը:

ROKETSAN-ի մեկ այլ ապրանք է միջին հեռահարության (4կմ-ից ոչ ավել) հակատանկային հրթիռային համակարգը՝ OMTAS: Այն կարող է տեղադրվել տրանսպորտային միջոցի վրա և օգտագործվել ցանկացած տանկի խոցման համար: Դրա շարքային արտադրությունը ծրագրվում է 2013 թվականին:

UMTAS հրթիռներն ունեն 160մմ տրամաչափ և 37,5կգ քաշ: 1750մմ երկարությամբ հրթիռը կարող է օգտագործվել մինչև 8կմ հեռավորության վրա գտնվող թիրախի խոցման համար: