8 հունիսի 2011 - 11:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դուշան Վլայսավլևիչ. Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին

Մոնտենեգրոյի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Դուշան Վլայսավլևիչը Հայաստանի հավաքականի հետ արտագնա խաղում 4:1 հաշվով կրած պարտությունից հետո խոստովանել է, որ Հայաստանն ավելի լավ խաղ ցուցադրեց, քան իր թիմը:

«Բայց դրա հետ մեկտեղ ես չեմ քննադատում մեր խաղը: Մենք բավական երկար ճանապարհ էինք անցել Անդորրայից մինչև Հայաստան և կես օր կորցրել էինք. խաղի ժամանակ երևում էր, որ մարզիկները հոգնած են: Նրանք շատ դանդաղ էին գործում, և փոխարինման դուրս եկած մարզիկները նույնպես ոչինչ չկարողացան փոխել խաղում», - ասել է Վլայսավլևիչը:

Մոնտենեգրոյի մարզիչը նշել է, որ առաջին գոլն ընդունեցին դարպասապահի սխալից հետո, և թիմը թևաթափ եղավ: Հանդիպումից մեկ օր առաջ՝ նախքան խաղը կայացած մամլո ասուլիսում նա Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ խմբից հաղթող ճանաչվելու հարցում իրենց հիմնական հակառակորդը Չեխիային էր համարում: Հայաստանի ընտրանու հետ խաղից հետո նա ստիպված է խոստովանել, որ Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին:

ՖՈՏՈՇԱՐՔ