8 հունիսի 2011 - 17:40 AMT
Ադրբեջանում Մուբարաքին փոխարինել են հին եգիպտացիով

Ադրբեջանի Խըրդալան քաղաքում (Բաքվի հարևանությամբ) նախորդ գիշեր ապամոնտաժված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին նվիրված հուշարձանի տեղում արդեն նոր քանդակ է տեղադրվել: Ինչպես հաղորդում է Lenta.ru գործակալությունը, նոր հուշարձանը «հին եգիպտացու» է պատկերում: Ափշերոնի շրջանի, որի մեջ մտնում է Խըրդալանը, վարչակազմից հայտնել են, որ նախկին նախագահին նվիրված հուշարձանն ապամոնտաժվել է «Բաքու քաղաքի գործադիր իշխանության համապատասխան կարգադրությամբ»: Թե ինչպես է ձևակերպվել ապամոնտաժելու պատճառը, չի ճշտվում: Նշվում է միայն, որ զբոսայգու տարածքն օղակված է ոստիկանության կողմից:

Հոսնի Մուբարաքին նվիրված հուշարձանը Խըրդալանում կանգնեցվել էր 2007 թվականին: Այն տեղակայվել էր Ադրբեջանի և Եգիպտոսի Բարեկամության զբոսայգում: 2011 թվականի սկզբին Եգիպտոսում հականախագահական բողոքի ակցիաների ժամանակ ադրբեջանական ընդդիմությունը պահանջեց ապամոնտաժել հուշարձանը: Այդ ժամանակ, սակայն, իշխանությունները նման կարգադրություն չտվեցին, հակառակը` քանդակը խիստ հսկողության տակ վերցրեցին: