8 հունիսի 2011 - 20:18 AMT
Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է Հայաստանի դերակատարությունը ՍԾՏՀ-ում

Հունիսի 8-ին Բուխարեստում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՍԾՏՀ դիտորդ երկրների, սեկտորային համագործակցության գործընկերների եւ հարակից կազմակերպությունների պատվիրակությունները, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրերի կարգավիճակով:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշեց անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Ռումինիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բոլոր բնագավառներում արձանագրված առաջընթացը եւ դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարեւորվեց կազմակերպության արդյունավետության հետագա բարելավմանը, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական օրակարգի խթանման նշանակությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին մի քանի տասնյակ որոշումներ: Ռումինիան ներկայացրեց իր նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:

Հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռումինիայից փոխանցվեց Ռուսաստանին, որը կազմակերպությունը կպաշտոնավարի մինչեւ ընթացիկ տարվա վերջը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: