10 հունիսի 2011 - 20:41 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով խորհրդարանականներին` Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվացող համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, խորհրդարանների համագործակցության ամրապնդումը կխթանի երկու երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացումը:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի այսօր կայացած 8-րդ նիստում քննարկված հարցերի շրջանակը: Հանդիպման մասնակիցները հատկապես կարևորել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ-ԼՂՀ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների համակարգումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: