14 հունիսի 2011 - 16:09 AMT
Թուրքագետ. Խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն չկարողացավ հասնել իր առավելագույն ձգտումներին

Թուրքական քաղաքական իրականության մեջ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական սակարկության նոր փուլ է սկսվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա, ինչպես ակնկալվում էր, Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը հաղթեց ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 50 տոկոսը, սակայն, ինչպես նշել է փորձագետը, կուսակցությունը չկարողացավ հասնել իր առավելագույն ձգտումներին: «ԱԶԿ-ի մաքսիմում-ծրագիրը նախատեսում էր 367 մանդատի առկայություն խորհրդարանում: Դա թույլ կտար ԱԶԿ-ին ինքնուրույն փոխել երկրի սահմանադրությունը և ուժեղացնել նախագահի ինստիտուտը: Սակայն, դա չստացվեց և ԱԶԿ-ն ստիպված է լինելու բանակցել մյուս կուսակցությունների հետ»,-ասել է Մելքոնյանը: