Ճապոնական Հիրոսիմայի` 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտի կազմակերպչական կոմիտեն հրաժարվել է հայտ ներկայացնել:
Սակայն Ճապոնիան չի կորցրել 2020 թվականին Օլիմպիադան հյուրընկալելու հույսը: Ըստ երևույթին, մրցաշարերի անցկացման հայտ կներկայացնի Տոկիոն: «Ավելի լավ է չմարել ջահը»,- աբստրակտ արտահայտվել է Տոկիոյի քաղաքապետ Շինտարո Իշիհարոն:
Սկզբնապես Հիրոսիման պետք է Նագասակիի հետ համատեղ հայտ ներկայացներ, սակայն քաղաքը հրաժարվեց ֆինանսական խնդիրների պատճառով: Քաղաքապետ Կազումի Մատցուիի խոսքով, քաղաքի վարչակազմը մինչ օրս չի կարողանում մարել 1994 թվականի Ասիական խաղերի անցկացման պարտքերը, հաղորդում է championat.ru-ն:
Այսպիսով, ներկա պահին 2020 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման միակ հավակնորդը Հռոմն է: