20 հունիսի 2011 - 19:05 AMT
Հայ փորձագետները կիսվել են Կազանի հանդիպման սպասումներով

Հունիսի 25-ին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում որոշվելու է, թե շարունակվելու է արդյոք Մինսկյան գործընթացը, թե ոչ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ Անդրեաս Ղուկասյանը: Նրա խոսքերով, այսօր իրավիճակն այնպիսին է, որ եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չստորագրի առաջարկված փաստաթուղթը, ապա բանակցությունների ձևաչափը կփոխվի:

«ԵԱՀԿ-ն չի կարող սպասել, մինչև Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության գան, քանի որ կազմակերպությունն այլ խնդիրներ ունի»,- նշել է նա: Այդ առումով փորձագետը նշել է, որ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտն արդեն խախտված է, և որ Եվրոպայում արդեն չկան կոլեկտիվ, չխախտվող սահմաններ:

Անդրեաս Ղուկասյանը նշել է, որ հունիսի 25-ը մարտահրավեր է երկու երկրների իշխող ռեժիմների համար: Նրա խոսքերով, եթե հանդիպման ընթացքում չձեռնարկվեն որոշակի քայլեր, ապա ռեժիմը երկրներում կարող է փոխվել:

Իր հերթին քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ներկայացրել է Կազանում երկու հնարավոր սցենար. կամ կընդունվի հայտարարություն, որում կողմերը պատրաստակամություն են հայտնում շարունակել բանակցային գործընթացը կամ կներկայացվի նոր փաստաթուղթ նոր դրույթներով, որոնք հիմք կծառայեն բանակցությունների շարունակության համար: