21 հունիսի 2011 - 19:45 AMT
Երևանում կայացավ Դավիթ Ասատրյանի «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը

Հունիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ բանաստեղծ, «Սոմա» պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Ասատրյանի «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը։ Այն բանաստեղծությունների ժողովածու է և հեղինակի երկրորդ գիրքը:

Ինչպես նշեց Դավիթ Ասատրյանը, բանաստեղծությունների իր այս ժողովածուն հոգիներում առկա երաշտի մասին է։ «Գիրքը միայն այն սիրո մասին չէ, որ երիտասարդը կարող է գրել։ Խցանումներում հնչող հայհոյանքներն էլ են սիրո երաշտի պատճառ, մեկս մյուսին թարս նայելը, բամբասելը նույնպես սիրո երաշտի արդյունք են»,- ասել է երիտասարդ բանաստեղծը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը նշեց, որ պրոբլեմ է, որ մարդկանց մոտ ժամանակակից գրականություն կարդալու ցանկություն չի առաջանում, բայց Ասատրյանը վստահ քայլ է անում դեպի հայ արվեստ։