23 հունիսի 2011 - 18:00 AMT
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Մուրադ Մեջլումյանը

Հունիսի 13-22-ը Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ շախմատի UFAR Chess Cup որակավորման մրցաշարը, որին մասնակցեց 72 շախմատիստ:

Մրցաշարն անցավ երկու փուլով, առաջինին մասնակցեցին կարգ ունեցող 32 շախմատիստներ: Իսկ որակավորման փուլին մասնակցեց 5-75 տարեկան 40 շախմատիստ: Հունիսի 23-ին տեղի ունեցավ մեդալակիրների պարգևատրման արարողությունը, պարգևները հանձնում էր համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորվեյկը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը և Ֆրանսիական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ Դավիթ Խիտարյանը:

3-րդ տեղում էր Սերոբ Ղազարյանը, երկրորդը Խաչատուր Հովհաննիսյանն էր, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Մուրադ Մեջլումյանը, որը հավաստագրից ու մեդալից բացի արժանացավ նաև Ֆրանսիական համալսարանի գավաթին:

Ժոել լը Մորվեյկը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և նորանոր հաջողություններ մաղթեց՝ կարևորելով մրցաշարն ու հույս հայտնելով, որ պատանի շախմատիստների քանակը Հայաստանում կավելանա: