Իրանում ձերբակալվել է արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեն: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով իրանական Fars գործակալությանը:
Մալեքզադեի ձերբակալության կամ նրա գտնվելու վայրի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես նշում է DPA-ն, ավելի վաղ Իրանի որոշ օրենսդիրներ Մալեքզադեին մեղադրում էին կոռուպցիայի մեջ: Բացի դրանից, փոխնախարարի հակառակորդները նրան մեղադրում էին թեոկրատական կառուցվածքը տապալելու փորձի մեջ:
Հունիսի 21-ին խորհրդարանականներն Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին սպառնացել էին իմպիչմենտով, եթե նա պաշտոնից չազատի Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեին: Հունիսի 22-ին փոխնախարարը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Հաղորդվում էր, որ Մալեքզադեի հրաժարականը կամավոր է եղել, սակայն արևմտյան լրատվամիջոցները պնդում էին, որ պաշտոնյան որոշումը կայացրել է պահպանողական օրենսդիրների ճնշման ներքո: Այդ միջոցին փոխնախարարի դիմումը բավարարելու մասին հաղորդագրություններ չեն ստացվել:
Գործակալությունները նշում են, որ Մոհամմադ Մալեքզադեի հասցեին ուղղված քննադատությունը կարող է կապված լինել այն բանի հետ, որ նա Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցն է` լինելով նրա խորհրդականը: Բացի դրանից, նա նախագահական վարչակազմի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշեիի մերձավորն է: