23 հունիսի 2011 - 19:57 AMT
ԵԱՀԿ ուշադիր հետևում է Հայաստանում հավաքների անցկացման ազատությանը

Հունիսի 20-22 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացան հավաքների ազատության թեմայի շուրջ երեք սեմինարներ, որոնց մասնակցեցին մոտ 50 ներկայացուցիչներ քաղաքական կուսակցություններից, քաղաքապետարաններից և դատավորներ:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը, Կազմակերպությունն ուշադիր հետևում է հավաքների ազատությանը վերաբերող և համապատասխան օրենքների իրականացման գործընթացներին: Նշվում է նաև, որ ԵԱՀԿ բազմիցս արդեն ներկայացրել է իր փորձագիտական կարծիքը «Հավաքների ազատության մասին» օրինագծի վերաբերյալ: Հայաստանի խորհրդարանը 69 «կողմ», 5 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերությամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների կատարման մասին օրինագիծը:

«Հավաքների ազատության մասին» օրինագծի համաձայն, քաղաքական հավաքներն առանձնացվել են այլ տեսակի միջոցառումներից, օրինակ` մշակութային: Հավաքների կազմակերպիչներն ու լիազորված մարմինը, որը կթույլատրի անցկացնել այդ միջոցառումը, կարող են բանակցություններ վարել և կոնսենսուսով լուծել հավաքի անցկացման վայրի և ժամանակի հարցերը: