23 հունիսի 2011 - 21:22 AMT
Ահմադինեժադ. Արևմուտքը չի կարող խանգարել Իրանին ատոմային ռումբ ստեղծել

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնել է, որ Թեհրանը շահագրգռված չէ ատոմային ռումբի ստեղծման հարցում, սակայն եթե ցանկանա նման բան անել, Արևմուտքը չի կարողանա նրան կանգնեցնել: Հունիսի 23-ին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ Ահմադինեժադը նշել է, որ եթե իր կառավարությունը զբաղվեր միջուկային զենքի մշակմամբ, ապա կհայտարարեր այդ մասին:

Ահմադինեժադի նոր մեկնաբանությունները համալրեցին այն հայտարարությունների շարքը, որոնցում Թեհրանը ժխտում է միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ իր մտադրությունները և պնդում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցում:

Հունիսի 21-ին Իրանի միջուկային գործակալության ղեկավարը Վիեննայում հանդիպել էր Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիո Ամանոյի հետ: Վերջինս քննադատաբար է վերաբերվում Իրանի միջուկային ծրագրերին: Հանդիպումը կայացել էր միջուկային անվտանգության մեկշաբաթյա խորհրդաժողովի շրջանակում, հաղորդում է VOANews-ը: