28 հունիսի 2011 - 21:09 AMT
Հայաստանի Եվրոպական շարժումն առաջարկում է նոր մոտեցումներ ձևավորել ղարաբաղյան կարգավորման հարցում

Կազանի հանդիպումն ապացուցեց, որ հարկավոր է նոր մոտեցումներ ձևակերպել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որոնք վեր կլինեն նախկինից ժառանգած ազգայնական, պատերազմածին և փակուղային մոտեցումներից: Այդ մասին ասվում է Հայաստանի Եվրոպական շարժման ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի հայտարարության մեջ:

«Ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ միայն հայերի և ադրբեջանցիների գործն է, այլ վերածվել է տարածաշրջանային ու նույնիսկ Եվրոպայի համար աշխարհաքաղաքական հիմնախնդրի, հետևաբար լուծումները, որոնք ապագայում պետք է ձևավորվեն անհրաժեշտաբար պետք է բխեն տարածաշրջանային և եվրոպական ինտեգրացիոն հեռանկարներից և պետք է խարսխվեն ազգերի խաղաղ համակեցության գաղափարի վրա:

Չնայած խնդրի բարդությանը` կողմերը պետք է գիտակցեն, որ հասարակություններում սերմանվող ատելության մթնոլորտը, նույնիսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակով, կարող է հանգեցնել հետագա անցանկալի պայթունավտանգ իրավիճակների: Այս առումով իհարկե առաջին հերթին անելիքներ ունի ադրբեջանական ղեկավարությունը:

Հայաստանի Եվրոպական շարժումը տարիներ առաջ հանդես եկավ առաջարկով, որ անհրաժեշտ է ստեղծել Կովկասյան համագործակցության վերազգային մարմին, որը սկզբնական շրջանում կարող է զբաղվել բնապահպանական և երիտասարդական համագործակցության հարցերով: Եվրոպական շարժման առաջարկն է լրջորեն քննարկել Կովկասյան միասնական համագործակցության պլատֆորմ ստեղծելու գաղափարը, որը հետագայում, փոխադարձ հանդուրժողականության ձևավորմանը զուգահեռ, կարող է զբաղվել նաև տնտեսական, առողջապահական, կրթական և այլ հարցերով: Այս կազմակերպությունում պետք է հավասարապես ներգրավված լինեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակներ: Կառույցի ձևավորումը կարող է իբրև փորձ հիմք ընդունել Բենիլյուքսի ձևավորման և զարգացման պատմությունը»,- ասել է Ենգիբարյանը: