29 հունիսի 2011 - 13:10 AMT
Վլադիմիր Կարապետյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում կքննարկեն Ադրբեջանի նոր առաջարկները

Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան առաջիկա այցի շրջանակներում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկեն Ադրբեջանի նոր առաջարկները: Այդ մասին նա հայտարարել է Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

«Հանդիպումը Կազանում ցույց տվեց, որ գործընթացն ավարտված չէ և միջնորդները շահագրգռված են, որ փաստաթուղթ ստորագրվի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին»,-ասել է նա: Այդ առնչությամբ Կարապետյանը նշեց, որ Հայաստանի նախագահն ու ԱԳՆ ղեկավարն արդեն հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել փաստաթուղթը, թեև խոստովանել են, որ դա մեր երազած փաստաթուղթը չէ: Ըստ Կարապետյանի, հայկական կողմի սխալը Կազանի հանդիպմանն այն էր, որ նրանք տեղում չարձանագրեցին Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը: Նա նաև քննադատել է հայ դիվանագետներին սեփական առաջարկները չներկայացնելու համար, այն դեպքում երբ իրենք են խոստովանում, որ փաստաթուղթն ամբողջությամբ ընդունելի չէ:

Արդյունքում, ըստ նրա, «համանախագահները Երևան կբերեն ադրբեջանական առաջարկներն ու կքննարկեն Հայաստանի ղեկավարության հետ թե որքանով են դրանք ընդունելի Հայաստանի համար»:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ: