6 հուլիսի 2011 - 19:13 AMT
Կառավարությունում քննարկել են Աշտարակ-Թալին ճանապարհի երկշարքանի մասը քառաշարքի վերակառուցելու պայմանները

Հուլիսի 6-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մամլո ծառայությունը, օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման պայմանները:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման և Երևան-Արարատ ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմաններին և կապալառուի հետ կնքվելիք պայմանագրի հատուկ պայմաններին:

Կառավարման խորհրդի անդամներն իրենց տեսակետներն ու դիտարկումներն են արտահայտել քննարկվող հարցի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, հավանության արժանացնելով ներկայացված փաստաթուղթը` խորհուրդը որոշել է հիմք ընդունել այն մրցույթ հայտարարելու համար:

Մեկ այլ հարցով «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի քարտուղար է նշանակվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը: