6 հուլիսի 2011 - 21:45 AMT
ԵԱՀԿ-ը չի պատրաստվում հրաժարվել ղարաբաղյան կարգավորումից

ԵԱՀԿ-ը կշարունակի երկարաձգված հակամարտությունների` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ իր աշխատանքը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը` ելույթ ունենալով ԵԱՀԿ 53 երկրներից և չորս գործընկեր պետություններից 300 խորհրդարանականների առջև, որոնք Բելգրադում են հավաքվել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

«ԵԱՀԿ-ը կշարունակի ջանքեր գործադրել այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ վստահության կառուցման, լարվածության նվազման ուղղությամբ և կնպաստի դրական արդյունքների ձեռքբերմանը»,- ասել է նա:

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ կողմերի միջև մնացող տարաձայնությունները չպետք է խանգարեն հիմնարար սկզբունքների ընդունմանն ու անցմանը հաշտության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած Կազանում կողմերն ամփոփիչ համաձայնության չհասան «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ, որոշակի առաջընթաց է գրանցվել: