8 հուլիսի 2011 - 13:39 AMT
Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունն զարգանում է

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Երևան ժամանած Լեհաստանի Ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկուն: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՄ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հեռանկարները:

Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ հայ և լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցությունն արդյունավետ զարգանում է:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Երևանում մամլո ասուլիսում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, որ Հայաստանը և Լեհաստանը բանակցություններ են վարում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ: