11 հուլիսի 2011 - 16:33 AMT
Արդյո՞ք կհեշտանա հայրենական բիզնեսի կյանքը

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության ջանքերն ուղղված են առաջին հերթին ոչ թե երկրի վարկանիշի բարելավմանը միջազգային կազմակերպություններում, այլ գործարարների գործունեության ու ընդհանուր առմամբ տնտեսվարման պայմանների բարելավմանը: Այդ մասին հուլիսի 11-ին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: « Կարևորն այն չէ, թե ով և ինչպես է մեզ գնահատում, այլ այն, թե որքանով է բարելավվում մեր կյանքն ու գործը»,-ասել է նա:

Հարկ է նշել, որ ըստ Doing business-2011-ի, Հայաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը:

Տիգրան Դավթյանը հավելել է, որ կառավարությունը կհասնի իր նպատակին, եթե տարեվերջին հարցումը ցույց տա, որ «բիզնեսի կյանքը հեշտացել է, դա է մեր գլխավոր նպատակը, ոչ թե ինչ-որ թվերի հասնելը»:

Forbes-ի գլխավոր խմբագիր Դենիել Ֆիշերը, որը նախորդ շաբաթ Հայաստանն ընդգրկել էր «աշխարհի վատագույն էկոնոմիկայով» երկրների տասնյակում, հայտարարել է, որ հաջորդ տարի Հայաստանն այդ ցուցակում չի լինի: Վերջերս հրապարակված Դենիել Ֆիշերի վարկանիշում Հայաստանը 2-րդ տեղում էր Մադագասկարից հետո: