2011-ի հուլիսի 30-ին «Նաիրիտ» գործարանի համար կառավարչի ընտրության վերջին մրցույթի արդյունքում հետաքրքրություն էր հանդես բերել միայն գերմանական C.A.C ընկերությունը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում ասել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, եթե գերմանական ընկերությունը չհամապատասխանի առաջարկվող պահանջներին, մրցույթի ժամկետները կերկարացվեն:
Նախարարը նաև հաղորդել է, որ գործարանի նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերում ռուսական, լեհական, իրանական ընկերությունները:
Պատասխանելով լրագրողների հարցին, «թե աշխատելու է արդյոք գործարանը», Մովսիսյանը հայտարարել է, որ «Նաիրիտն» աշխատել է և աշխատելու է` չնայած կուտակված պարտքերին: Ինչ վերաբերվում է աշխատողների աշխատավարձը վճարելուն, ապա նախարարն ինքն էլ չգիտի, թե դա երբ կլինի: «Հենց որ իմանամ, կասեմ»,- հավաստիացրել է նա:
Խոսելով գործարանի ղեկավարության փոփոխության մասին` նախարարը հաղորդել է, որ նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը վերջին երկու տարվա ընթացքում ցանկություն է հայտնել լքել պաշտոնը, սակայն ստեղծված հանգամանքների պատճառով նրա խնդրանքը մերժվել է:
Էներգետիկայի նախարարը հերքել է լուրերն այն մասին, որ գործարանի սեփականատերերի թվում կան պետական պաշտոնյաներ, այդ թվում` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միաժամանակ, նա հավելել է, որ որպես բաժնետեր հանդես է գալիս Rhinoville Property Limited ընկերությունը, որի կառավարիչն է ԱՊՀ միջպետական բանկը: