Մոսկվայում 58-ամյա կինը խարդախությամբ վաճառել է Հովհաննես Այվազվոսկու «Ծովափը անհողմության ժամանակ. Բնանկար սայլով և նավակով» կտավը: Կտավի գինը նրա սեփականատերը գնատահում է 18 մլն ռուբլի՝ 640 հազար դոլար:
Նկարը, որը պատկանում է մոսկովյան բանկերից մեկի տնօրենին, կինը վերցրել էր իբր վերականգնելու նպատակով: Կտավը փոխանցվել է 2011թ. մայիսին: Թե երբ և ինչպես են կտավի տիրոջ մոտ կասկածանքներ առաջացել, չի նշվում, հայտնի է միայն, որ հուլիսի 14-ին նա դիմել է միլիցիա:
Կասկածյալը ձերբակալվել է նույն օրը Մոսկվայի կենտրոնում և արդեն խոստովանել է իր մեղքը: Նկարի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, ինչպես նաև այն գումարը, որով նրան հաջողվել է վաճառել կտավը: Փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածով:
Սակայն, կտավի սեփականատերը չի ներկայացրել նրա իրավունքները հաստատող փաստաթղթեր, գրում է Լենտա.ռու-ն: