Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը բազմաթիվ հանդիպումներից մեկն էր և կողմերին ոչինչ չտվեց: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի տնօրեն Ռոս Ուիլսոնը:
«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն առաջիկայում քայլեր կկատարեն, որոնք անհրաժեշտ են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար և ձեռնամուխ կլինեն հակամարտության կարգավորման դետալների վրա աշխատանքին»,- ասել է Ուլիսոնը Բաքվում մամլո ասուլիսում:
Նրա խոսքով, եթե երկու երկրների նախագահներին հաջողվի լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ապա դա թույլ կտա նրանց նվաճել իրենց ժողովուրդների վստահությունը: Նա նշել է հակամարտության շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, հավելելով, որ դրան հասնելը հեշտ չի լինի, հաղորդում է 1news.az-ը:
Ռոս Ուլիսոնն Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպանն է:
ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ:
Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: