18 հուլիսի 2011 - 18:36 AMT
Հայաստանը լրացուցիչ ֆինանսական աջակցություն է ակնկալում Գերմանիայի կառավարությունից

2011թ. աշնանը Երևանում տեղի կունենա Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կհստակեցվեն Գերմանիայի կառավարությունից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար ներկայացված հայտերի արդյունքները: Այդ մասին հուլիսի 18-ին Երևանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ համապատասխան հայտեր գերմանական կողմի հետ փոխանակելուց հետո:

Նրա խոսքով, մասնավորապես, Գերմանիան կքննարկի գյուղատնտեսության վարկավորման համար Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ հայտը : «Գերմանական կողմը նման ծրագրերի իրականացման փորձ ունի և այսօր փորձագետները աշխատում են դրանք տեղայնացնելու վրա: Իսկ թե ինչ կտա տեղայնացման միջազգային փորձը Հայաստանին, ցույց կտա ժամանակը»-ասել է նա:

Քննարկման փուլում է նաև Green project 4,2 մլն եվրո արժողությամբ ծրագիրը բնապահպանության ոլորտում:

Այսօրվա դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 3,443 մլրդ դոլար, որից գերմանական կողմը ՀՀ կառավարությանը տրամադրել է 96,2 մլն դոլար, իսկ ԿԲ-ին՝ 49,8 մլն դոլար: