Հուլիսի 21-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի հետ: Դեսպան Քոչարյանը Գաբի Լեյունին փոխանցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական նամակը` Լիբանանի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող խնդիրներ: Ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների, մշակույթի գործիչների փոխայցելությունների, գործնական ծրագրերի իրականացման, Հայաստանում ու Լիբանանում մշակութային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը: Այդ ենթատեքստում կարևորվել է այս տարվա հոկտեմբերի սկզբին Բեյրութում նախատեսված ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգի անցկացումը, որը կիրականացվի Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի երաժիշտների մասնակցությամբ:
Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թվականին Լիբանանում մտադիր է անցկացնել Հայաստանի մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: