25 հուլիսի 2011 - 19:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ռիչարդ Կիրակոսյան. Շուտով Թուրքիան կարող է ստուգել Հայաստանի հաստատունությունը

Շուտով Թուրքիան կարող է փորձել մարտահրավեր նետել Հայաստանին՝ վերջինիս ստուգելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, նման կարծիք է ձևավորվել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: Հանդիպումը, որն ի սկզբանե պլանավորված չէր, կայացել է Հայաստանի Քաղաքացիական հասարակության խորհրդի ներկայացուցիչների՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում:

Դավութօղլուի հետ զրույցում հայ պատվիրակերը բարձրացրել են երեք հիմնական հարցեր, նշել է Կիրակոսյանը: Առաջին հերթին, հարաբերությունների կարգավորման ողջ ծանրությունը տվյալ պահին ընկնում է Անկարայի վրա, որն արգելակել է այս գործընթացը, երկրորդ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ղարաբաղյան կարգավորումը, և դա Անկարան չի կարող անտեսել: «Երրորդ, մենք հիշեցրել ենք, որ թուրքական կողմն ի սկզբանե հանդես է եկել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, իսկ հիմա նախապայմաններ է առաջադրում, ինչն ազնիվ չէ»,- ասել է փորձագետը: Հանդիպումից Կիրակոսյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ շուտով Թուրքիան մարտահրավեր է նետելու Հայաստանին նրան փորձելու համար: «Սակայն նրանք հիասթափվելու են, քանի որ Հայաստանը թույլ չէ, ինչպես նրանք են կարծում: Բացառված չէ, որ եկել է պահը, երբ արդեն Հայաստանը կարող է խոսել նախապայմանների լեզվով»,- ասել է փորձագետը և հավելել, որ առաջիկայում որևէ տեղաշարժ չի տեսնում հայ-թուրքական գործընթացում, սակայն Թուրքիան կարող է ինչ-որ քայլերի գնալ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիզի 100-ամյակի նախաշեմին:

ՖՈՏՈՇԱՐՔ