Հուլիսի 27-ին հայրենիք վերադարձավ շախմատի ութերորդ թիմային առաջնության հաղթող Հայաստանի շախմատի հավաքականը: Օդանավակայանում շախմատիստներին դիմավորեց Հայաստանի նախագահ և շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը, որը շնորհավորեց բոլորին հրաշալի հաղթանակի կապակցությամբ: Օդանավակայանում չեմպիոններին դիմավորելու էին եկել հազարավոր մարդիկ: Անմիջապես Երևան ժամանելուն պես Հայաստանի հավաքականը, որի կազմում բացակայում էր միայն թիմի առաջատար Լևոն Արոնյանը, մեկնեց Ազատության հրապարակ, րըտեղ անցնում էր նրանց նվիրված համերգը:
Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը նշեց, որ իրենք զգում էին հայ ժողովրդի աջակցությունը և ամեն ինչ արեցին հաջող ելույթ ունենալու համար: «Այս տարի աշխարհի առաջնությունն իր կազմով ամենաուժեղն էր պատմության մեջ: Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթել և ուրախություն պարգևել մեր ժողովրդին: Շնորհակալություն հսկայական աջակցության համար, կաշխատենք հետագայում ևս արդարացնել ձեր սպասելիքները»,-ասել է Պետրոսյանը:
Հավաքականի չորրորդ համար Գաբրիել Սարգսյանը նույնպես շնորհակալություն է հայտնել բոլոր հավաքվածներին և բոլոր մարդկանց, որոնք երկրպագում էին թիմին: «Մենք հիանալի մարզիչ ունենք և գերազանց թիմ և ես շնորհակալ եմ տղաներին այս հաղթանակի համար, որ նրանք պարգևեցին ձեզ և ինձ»:
Սերգեյ Մովսիսյանը, որի համար այս մրցաշարն առաջինն էր Հայաստանի հավաքականի կազմում (մինչ այդ նա հանդես էր գալիս Սլովակիայի դրոշի տակ), նշեց, որ այս հաղթանակն առաջինն է իր համար և զգացողությունները նույնպես նոր են: «Տղաները փորձառու են և շատ հանգիստ ընդունեցին հաղթանակը: Սակայն, իհարկե, աշխարհի թիմային առաջնությունում առաջին անգամ ենք հաղթում»:
«Յուրաքանչյուր մրցաշարում մենք զգացել ենք ձեր աջակցությունն ու սա մեր ընդհանուր հաղթանակն է»,-ասել է Վլադիմիր Հակոբյանը:
Ռոբերտ Հովհաննիսյանը, որը մեկ պարտիա խաղաց առաջնությունում և կարողացավ հաղթանակով այն ավարտել, շնորհակալություն հայտնեց թիմին հաղթանակի համար: