28 հուլիսի 2011 - 18:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այցելել է Մատենադարան

Այսօր Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայի ուղեկցությամբ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանք ծանոթացան հայ գրքի պատմությանը, մանրանկարչության տեխնիկաներին և հնում օգտագործվող գույների ստացման պատմությանը: Բացի մշտական ցուցադրությունից, նրանք ծանոթացան նաև ժամանակավոր ցուցադրության հետ, որտեղ ներկայացված են 5-13 դդ մագաղաթյա գրքեր և պատառիկները:

Վերջում Լեհաստանի նախագահը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին նվիրեց 1505 թ-ի «Արվեստի և արհեստի գրքի» կրկնօրինակը, որի բնօրինակը պահպանվում է Լեհաստանի ազգային գրադարանում: Իր հերթին Մատենադարանի տնօրենը Կոմորովսկուն նվիրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի անգլերեն թարգմանությունը, Մատենադարանի մանրանկարների ալբոմը, Լեհաստանում լեհերենով տպագրված տեղի հայ համայնքի մասին պատմող գրքեր:

Վերջում Կոմորովսկին ինստիտուտի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն հայտնեց հայ մշակույթին, ակունքներին և ժողովրդի ոգին ճանաչելու հնարավորություն ստանալու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ