28 հուլիսի 2011 - 18:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանը և Լեհաստանը համագործակցության հեռանկարներ են տեսնում նաև ՏՏ ոլորտում

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել հայ-լեհական գործարար համաժողով, որի ընթացքում ստորագրվել են փոխըմբռնման երեք հուշագրեր։ Մասնավորապես, փաստաթղթեր են ստորագրվել Զարգացման հայկական գործակալության ու Տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների լեհական գործակալության, Հայաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության և Լեհաստանի գործատուների միության միջև, ինչպես նաև Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի Առևտրային պալատի միջև։

Գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ֆինանսաբանկային հատվածի ներկայացուցիչների կլոր սեղան։

Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ ներդրումային միջավայր։ Միաժամանակ նա հավելել է, որ լեհ ներդրողների հետաքրքրությունը կարող են առաջացնել գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։

Իր հերթին Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կալինսկին պատրաստակամություն է հայտնել կիսվել փորձով և օգնել հայ գործընկերներին խուսափել սխալներից բիզնեսի և էկոնոմիկայի ոլորտում։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում են լեհական կապիտալով 12 ընկերություններ։ 2010-ին Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 21,2 մլն դոլար, որից արտահանմանը բաժին է ընկել 1,9 մլն դոլար, ներկրմանը՝ 19,2, Հայաստանը Լեհաստան է արտահանում կաուչուկ, ցեմենտ, քար, աղ և խմիչքներ, ներկրում է էլեկտրական սարքավորումներ, եթերայուղեր, շաքար, դեղագործական ապրանքներ, թուղթ և այլն։

ՖՈՏՈՇԱՐՔ