30 հուլիսի 2011 - 13:05 AMT
Ամերիկյան Ռոդ Այլենդի մայրաքաղաքում սեպտեմբերին կնշեն Հայաստանի Անկախության 20-ամյակը

2011թ. սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգի մայրաքաղաք Պրովիդենսի Սբ Պետրոսի և Պողոսի մայր տաճարում տեղի կունենա հանդիսավոր երեկո և տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Անկախության 20-ամյակին:

Նահանգապետի, սենատորների, կոնգրեսականների, տարբեր քաղաքների քաղաքապետերի ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ տեղի կունենա մեծ համերգ սիմֆոնիկ նվագախմբի, Ռոդ Այլենդի ու Մասաչուսեթսի երկու երգչախմբերի, Մետրոպոլիտեն օպերայի հայտնի մեներգիչների մասնակցությամբ: Առաջին անգամ կկատարվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված հատուկ այդ տոնակատարության կապակցությամբ:

Ինչպես հայտնել է համերգի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը, այդ հանդիսավոր միջոցառումը կգերազանցի բոլոր նախորդներին ու խոշորագույնը կլինի ԱՄՆ արևելյան ափում: Բազմահազարանոց դահլիճը բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Երեկոյին հանդես կգան նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, նահանգապետը, այլ հայտնի քաղաքական գործիչներ: Համերգի ավարտին տեղի կունենա մեծ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Անկախության տարեդարձին: