5 օգոստոսի 2011 - 18:03 AMT
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը մտադիր են ավարտել 2012 թվականին

«Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքները միավորող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2012 թվականին»,- հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքի և տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլայիշվիլին, նույն ժամանակ կավարտվի նաև երկաթուղային կայարանի շինարարությունը Վրաստանի հարավում` Ախալքալաքում:

«Այս նախագիծը կարևոր է Վրաստանի ենթակառուցվածքի զարգացման համար: Նշված երկաթուղով բեռները Չինաստանից ամենակարճ ժամկետում Վրաստանով կհասնեն եվրոպական շուկա»,- ասել է նա:

Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծն ավարտելու համար Վրաստանին երկարաժամկետ վարկի տեսքով լրացուցիչ 575 միլիոն դոլարի հատկացման մասին պետական որոշումն ընդունվել է այս տարվա մայիսին: Անցյալ հանգստյան օրերին Ադրբեջանում կայացել է երկկողմ Համակարգող խորհրդի նիստը, որի ժամանակ հաստատվել է 2011թ. շինարարական աշխատանքների բյուջեն` 316 միլիոն դոլար:

«Ախալքալաքի երկաթուղային կայարանի շինարարությունը կմեկնարկի երեք շաբաթվա ընթացքում: Կայարանը կկառուցվի հայտնի գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մայերի նախագծի համաձայն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Բացի կայարանի շինարարությունից, հատկացված լրացուցիչ գումարը կուղղվի Թեթրիծղարո-Ախալքալաք երկաթուղային հատվածի շինարարությանն ու վերականգնողական-վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությանը: