Անգլիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նշանակված էր օգոստոսի 10-ին և պետք է կայանար Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, չի կայանա: Պատճառ են դարձել զանգվածային անկարգությունները Լոնդոնում: Լոնդոնյան ոստիկանության ողջ ուժերն ուղղված են ավազակների դեմ պայքարին, ուստի ոստիկանները չէին կարողանա կարգուկանոն ապահովել ֆուտբոլային հանդիպման ժամանակ:
Հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին տեղեկատվությունը հաստատել են Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի և Հոլանդիայի Ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքերը: Հոլանդացիներին խաղի չեղյալ լինելու մասին հաղորդել են նախքան թիմը կմեկներ Լոնդոն:
Լոնդոնում անկարգությունները սկսվել են Տոտտենհեմի շրջանում օգոստոսի 6-ին, երբ տեղի բնակիչների ամբոխը հավաքվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ, որպեսզի բողոք հայտնի Մարկ Դագգանի սպանության կապակցությամբ, որը զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: