Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և շախմատի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջև շախմատային հանդիպումը, որը նշանակված է 2012թ. մայիսին, կկայանա Մոսկվայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Անանդ-Գելֆանդ հանդիպման մրցանակային ֆոնդը կկազմի 2,55 միլիոն դոլար, հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Այս հանդիպման անցկացմանը հավակնում էր նաև հնդկական Չեննայ քաղաքը, սակայն «հանդիպման կազմակերպման պայմաններն ու երաշխիքները, որոնք ներկայացրեց Մոսկվան, ավելի գերադասելի եղան» Շախմատի միջազգային ֆեդերացիայի համար:
Կանանցից աշխարհի չեմպիոնը պարզ կդառնա Խոու Իֆանի (Չինաստան) և Գամպի Կոնեյրուի (Հնդկաստան) հանդիպման ժամանակ, որ կկայանա 2011թ. նոյեմբերին ալբանական Թիրանա քաղաքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազ. եվրո, հաղորդում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը: