15 օգոստոսի 2011 - 15:44 AMT
Իսպանիան քաղաքական ապաստան է առաջարկել Սիրիայի նախագահին

Իսպանիայի կառավարության աշխատակազմի գլխավոր քարտուղար Բերնարդինո Լեոնը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձակա խորհրդականներին է փոխանցել քաղաքական ճգնաժամի հաղթահարման ծրագիրն ու Իսպանիայի իշխանությունների Ասադին քաղաքական ապաստան տալու պատրաստակամությունը, հաղորդում է ռուսական «Իզվեստիան»:

Իսպանիան պատրաստ է նպաստել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը նախապես մշակված պլանի համաձայն: «Ծրագիրը երեք միջոց է նախատեսում. ընդդիմության ձերբակալությունների ու հետապնդումների անհապաղ դադարեցում, Մադրիդում սիրիական բոլոր քաղաքական ուժերի մասնակցության խորհրդաժողովի կազմակերպում ու կառավարության ձևավորում, որի կազմում պետք է ընդգրկվեն ընդդիմության ներկայացուցիչները»,-հաղորդում է թերթը:

Ընթացիկ տարվա մարտից Սիրիայում շարունակվում են ներքաղաքական անկարգությունները և բողոքի ակցիաները: Վերջերս բողոքականները պահանջեցին ոչ միայն Բաշար Ասադի հրաժարականը, այլ նաև նրա մահապատիժը: