15 օգոստոսի 2011 - 18:01 AMT
Սարգիս Քոչարյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել կադետների հունա-հռոմեական ըմբշամարտում

Օգոստոսի 14-ին Վարշավայում ավարտվեց հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի կադետների առաջնությունը: Մրցաշարում շատ հաջող ելույթ ունեցան հայաստանյան հունա-հռոմեական ըմբիշները, որոնք 6 մեդալ նվաճեցին:

Ոսկե մեդալ նվաճեց Սարգիս Քոչարյանը, որը մինչև 69կգ քաշային կարգում հաղթեց ըմբշամարտիկներին Բուլղարիայից, Հունգարիայից, Մակեդոնիայից և Թուրքիայից: Եզրափակչում Քոչարյանի հակառակորդը ռուսաստանյան ըմբիշ Դմիտրի Կեսոպուլոն էր, որին հայ մարզիկը հաղթեց 1:0, 1:0 և 2:0 հաշվով:

Ալբերտ Վարդանյանը (46կգ) արծաթե մեդալ նվաճեց, սակայն բոլոր մենամարտերում իր մրցակիցներից ուժեղ էր և միակ պարտությունը կրեց եզրափակչում: Երկրորդ տեղը զբաղեցրեց նաև Կարեն Ասլանյանը (54կգ):

Գևորգ Քերոբյանը մինչև 50կգ քաշային կարգում 5 մենամարտ անցկացրեց, որոնցից չորսում հաղթանակ տարավ և բրոնզե մեդալ նվաճեց: Եվրոպայի առաջնության երրորդ տեղերը զբաղեցրին նաև Կարեն Աբգարյանն (85կգ) ու Արմեն Հակոբյանը (63կգ):