16 օգոստոսի 2011 - 16:34 AMT
Համահայկական խաղերի լավագույն բասկետբոլիստները կընդգրկվեն Հայաստանի տղամարդկանց հավաքականում

Համահայկական խաղերի մրցավար ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ խաղերը շատ հետաքրքիր պայքարում են ընթանում և նախորդ Համահայկական խաղերի համեմատ մասնակիցների պրոֆեսոնալիզմն աճել է: Ռոստոմյանը նշել է, որ միանգամից 5-6 թիմ կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար, իսկ հրավիրված մրցավարները եվրոպական ու ասիական երկրներում աշխատելու փորձ ունեն:

«Բասկետբոլիստները բարձր մակարդակի խաղ են ցույց տալիս, բոլոր խաղացողները ցանկանում են ցույց տալ իրենց կարողությունները: Մենք հայտարարել ենք, որ ցանկանում ենք ստեղծել Հայաստանի տղամարդկանց հավաքական, մարզիչներն ուշադիր հետևում են բոլոր թիմերի ելույթներին, խաղերից հետո կորոշվեն այն 18 մարզիկները, որոնք կմտնեն հավաքական: Կարծում եմ, մարզիկների համար մեծ պատիվ կլինի հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում»,-ասել է Ռոստոմյանը: