18 օգոստոսի 2011 - 11:25 AMT
Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարևանությամբ նոր նավամատույց կկառուցվի

Վանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել նոր նավամատույցի կառուցմանը Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, հայտնում է թուրքական Hurriyet-ը: «Նոր նավամատույցը կկառուցվի հնի տեղում, սակայն, թույլ կտա ավելի շատ այցելուներ ընդունել»,-ասել է Վանի քաղաքապետ Մյունիր Քարաօղլուն:

Այս տարի Կոստանդնուպոլսի պատրիարքարանը բարձրաստիճան այցելուների չի սպասում, ինչպես նախորդ տարի: Այդ մասին Hurriyet-ին է հաղորդել Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանը: Պատարագը Սբ Խաչ եկեղեցում կմատուցվի սեպտեմբերի 11-ին:

Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տարեկան հինգ անգամ պատարագ մատուցել Վանա լճի Աղթամար եկեղեցում: Այդ մասին հուլիսի 22-ին Երևանում հայ և թուրք գործարարների հանդիպման շրջանակներում հայտարարել է Վանից ժամանած պատվիրակության ղեկավար, Թուրքիայի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլլահ Թունջդեմիրը: Նա ասել է, որ պատարագ կմատուցվի Հայ Առաքելական եկեղեցու այն տոնական օրերին, որոնք կընտրի ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմը:

2010թ. սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ առաջին պատարագը վերջին 95 տարվա ընթացքում, սակայն գմբեթի խաչը տեղադրվեց միայն երկու շաբաթ անց: Առաջին պատարագին մասնակցել է մոտ 7000 հայ: