19 օգոստոսի 2011 - 17:35 AMT
Apple-ը պատրաստվում է արտադրել 15 միլիոն պլանշետ թուրք դպրոցականների համար

Apple, Microsoft և Intel ընկերությունները հավանաբար պատրաստվում են հայտեր ներկայացնել թուրքական կառավարության ծրագրին մասնակցելու համար, որի շրջանակներում հաղթող ընկերությունը պետք է արտադրի 15 միլիոն պլանշետ և 4 տարիների ընթացքում ապահովի թուրք աշակերտներին։ Այս մասին հայտնում է Apple Insider-ը;

Թուրքիայի առևտրի նախարար Զաֆեր Չաղլայանն ասել է, որ երեք ընկերությունները ակտիվորեն շահագրգռված են մասնակցելու կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրին։

Զաֆեր Չաղլայանը հայտնել է, որ Apple-ի հետ պաշտոնական բանակցություններ եղել են նրա՝ ԱՄՆ այցի ժամանակ։ Վերջինս նշել է նաև, որ Apple-ը որպես համաձայնության մաս հավանաբար կսկսի iPad-ների և iPhone-ի մի շարք աքսեսուարների արտադրություն Թուրքիայում։

Apple-ի մրցակից Microsoft և Intel ընկերությունները նույնպես հետաքրքրված են ծրագրով։ Microsoft-ը հաստատել է իր այցելությունը Թուրքիա ծրագրի մանրամասներին ծանոթանալու նպատակով, իսկ Intel-ը ենթադրաբար շուտով Թուրքիայում կբացի հետազոտությունների և զարգացման կենտրոն։

Թուրքիայի արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը ասել է, որ հաղթող ընկերությունը կարտադրի 15 միլիոն պլանշետ հենց Թուրքիայում։