1 սեպտեմբերի 2011 - 19:17 AMT
Երևանի Ազնավուրի հրապարակում «Միհր» թատրոնը հանդես կգա ընդդեմ կանանց բռնության

Սեպտեմբերի 2-ին Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում կայանալու է պար-ներկայացում, որտեղ «Միհր» թատրոնի դերասանները հանրությանը կցուցադրեն, որ դեմ են կանանց նկատմամբ կիրառվող բռնությանը: Միջոցառումը կազմակերպել է Կանանց իրավունքների կենտրոնը:

«Մեր միջոցառման նպատակը հասարակությանը կանանց բռնության մասին իրազեկ պահելն է: Եթե նույնիսկ մեկ մարդ մեր միջոցառումից հետո գիտակցի, որ բռնությունը լավ բան չէ, ապա մենք անօգուտ չենք համարի մեր արածը», PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում ասաց կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը: Սարգսյանը չբացեց փակագծերը, սակայն խոստացավ, որ «Միհրի» ելույթը լինելու է հետաքրքիր, իսկ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ կկրեն: Միջոցառման ընթացքում կբաժանվեն համապատասխան բուկլետներ:

«Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: Թատրոնի նպատակն է բացահայտել ամեն շարժման փիլիսոփայական գաղափարը` միաձուլելով արվեստը, նկարչությունը, պարը և փիլիսոփայությունը: