2 սեպտեմբերի 2011 - 14:52 AMT
Հայաստանը մինչ օրս ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ օրակարգ չունի, կարծում է Լարիսա Ալավերդյանը

Հայաստանում մինչև հիմա հստակ օրակարգ չկա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, նա արդեն երկու անգամ դիմել է Հայաստանի ԱԳՆ այն հարցով, թե գոյություն ունի արդյոք համապարփակ օրակարգ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, որին պատասխանել են, որ օրակարգը դեռ մշակման փուլում է: Նման երևույթն անընդունելի համարելով` Ալավերդյանը նշել է, որ հայկական դիվանագիտությունն այդ պառճառով սխալ է ներկայացնում ղարաբաղյան հարցը միջազգային կառույցներում:

Իր հերթին ԵՊՀ պատմական ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նույնպես նշել է օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը, նշելով, որ Հայաստանը բանակցային գործընթացի շրջանակներում անպայման պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքների հարցը: Նա նաև նշել է, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությամբ շատ հարցերի լուծումը զգալիորեն կհեշտանա: