6 սեպտեմբերի 2011 - 13:09 AMT
Վլադիմիր Վայսը հավատում է, որ Հայաստանի հետ խաղում նրա սաները հաղթանակ կտանեն

Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը լավատեսորեն է տրամադրված և հավատում է, որ իր սաները կարող են լուծել իրենց առջև դրված խնդիրները Հայաստանի հետ հանդիպման ժամանակ:

«Ես հարգում եմ հայկական թիմի ուժը, բայց սեպտեմբերի 6-ին մենք խաղալու ենք հանուն հաղթանակի և փորձելու ենք 3 միավորը թողնել տանը»,- Ժիլինայում մամլո ասուլիսում ասել է Վայսը:

Հայաստանի հետ խաղը որակազրկման պատճառով բաց է թողնելու սլովակների հիմնական խաղացող Յուրայ Կուցկան, և Վայսը չի նշել ֆուտբոլիստի անունը, որը փոխարինելու է Կուցկային:

«Հայաստանի հավաքականը լավ և ուժեղ թիմ է, որը հիանալի պահում է գնդակը: Բայց մյուս կողմից ես հավատում եմ մեր ուժերին և հուսով եմ, որ հաղթելու ենք»,- Վայսի խոսքերը հաղորդում է Սլովակիայի Ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Սլովակիա-Հայաստան խաղը տեղի է ունենալու EURO-2012-ի ընտրական մրցաշարի B խմբում և սկսվելու է Երևանի ժամանակով 23:15-ին: