6 սեպտեմբերի 2011 - 14:41 AMT
Ռուբեն Մելքոնայն. Փչացնելով հարաբերություններն Իսրայելի հետ՝ Թուրքիան ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը իսլամական աշխարհում

Իսրայելի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնելու և բոլոր ռազմական համաձայնագրերի կատարումը կասեցնելու մասին Թուրքիայի որոշումը լավ հաշվարկված քայլ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, թուրքական կողմը շատ լավ է գիտակցում հնարավոր հետևանքները և մտադիր է օգուտով դուրս գալ այս իրավիճակից: «Փչացնելով հարաբերություններն Իսրայելի հետ՝ Թուրքիան լուրջ զոհերի գնաց, Թուրքիան ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը իսլամական աշխարահում»,-ասել է փորձագետը: Նա անընդունելի է համարել Իսրայելին ներկայացրած Թուրքիայի պահանջներն, ասելով՝ «Անկարան ցանկանում է, որ Երուսաղեմը ներողություն խնդրի անմեղ մարդկանց մահվան համար այն դեպքում, երբ ինքը 90 տարուց ավելի է ներողություն չի խնդրում 1,5 մլն անմեղ հայերի սպանության համար: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է, որ Իսրայելը ապաշրջափակի Գազան, սակայն, ինքը շրջափակում է Հայաստանը»:

Թուրքիայի ու Իսրայելի միջև հերթական լարվածությունն է առաջացել: Ավարտվել է «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակման փաստի հետաքննությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցի առնչությամբ հայտարարել է Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին՝ հայտարարելով, որ Անկարան նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և կասեցնում է ռազմական պայմանագրերը: