6 սեպտեմբերի 2011 - 17:29 AMT
«Սթար»-ը ձեռք է բերում «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը

«Սթար» առևտրի ցանցի կողմից «Fresh» սուպերմարկետների ցանցի գնման շուրջ բանակցություններն ավարտվել են: Կողմերն արդեն ձեռք են բերել վերջնական պայմանավորվածություն, սակայն գործարքն ավարտին հասցնելու համար, մինչ փաստաթղթերի ստորագրումն, այս փուլում, գործարքը պետք է հաստատվի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:

«ՍԹԱՐ-ի կողմից Ֆրեշ սուպերմարկետների ցանցի գնումը հնարավորություն կտա մեծացնել վաճառքի ծավալներն, ինչպես նաև էապես նվազեցնել լոգիստիկ, դիստրիբուցիոն և ադմինիստրատիվ ծախսերը` հասնելով ցանկալի արդյունավետության, որն է 15-ից 20 տոկոսով ծախսերի նվազեցումը` նոր միավորված ցանցում»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն` Վահան Քերոբյանը:

Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում որին անմիջապես կհաջորդեն զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման փուլը: Մոտ ապագայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն գործարքի մանրամասները և ընկերության զարգացման պլանները:

Նշենք, որ ներկայումս ՍԹԱՐ առևտրային ցանցը կառավարում է 18 սուպերմարկետ, որոնցից 17-ը ք. Երևանում և մեկը` ք. Հրազդանում, իսկ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը ներառում է 4 «Ֆրեշ» սուպերմարկետ և 3 «Քեթրին» խանութներ Երևանում: Բացի այդ, մոտ ապագայում ՍԹԱՐ-ը կբացի ևս մեկ խանութ Դավթաշեն վարչական շրջանում: